Սոցիալիստ Գաբրիել Բորիչը հաղթել է կիրակի օրը Չիլիում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Քվեարկության նախնական արդյունքների համաձայն` Բորիչը ստացել է քվեների 56, իսկ նրա հակառակորդ, ծայրահեղ աջ Հանրապետական կուսակցության թեկնածու Խոսե Անտոնիո Կաստը՝ 44 տոկոսը։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից մի քանի ժամ անց Կաստը պաշտոնապես ընդունել է իր պարտությունը։
«Առաջինն ինչ ցանկանում եմ անել՝ շնորհավորել Գաբրիել Բորիչին։ Նա հաղթել է ազնիվ պայքարում և արժանի է մեր հարգանքին։ Չիլիացիներից շատերը նրան չեն վստահում, սակայն ես հույս ունեմ, որ նա կկարողանա լավ կառավարություն ձևավորել», – հայտարարում էր պարտված թեկնածուն։
Գաբրիել Բորիչը լայն հանրությանը հայտնի էր դարձել 2011 թվականին Չիլիում սկիզբ առած ուսանողական բողոքի ակցիաների ժամանակ, որոնց առաջնորդներից մեկն էր։ Բորիչը Չիլիի ամենաերիտասարդ նախագահն է լինելու, նա ընդամենը 35 տարեկան է։