Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, հաղորդում է կառավարությունը:
Վրաստանի կառավարությունում նախատեսված է առանձնազրույց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Վրաստանի կառավարության փոխանցմամբ` նիստի աշխատանքներին կմասնակցեն երկու երկրների գործադիրների անդամները, ինչպես նաև համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարները։
Վերջին անգամ Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդիպել են հոկտեմբերի 9-ին՝ Երևանում, իսկ սեպտեմբերին Փաշինյանն էր պաշտոնական այցով Վրաստանում։ Հանդիպումներից օրեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել՝ նշելով՝ առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։