Հայաստանի վարչական դատարանն այսօր մերժեց դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան»-ի հայցը, որով կուսակցությունը փորձում էր պաշտպանել մանդատ ունենալու իր իրավունքը։
«Լուսավոր Հայաստանին» ընդամենը 0,03 տոկոս չբավարարեց անցողիկ շեմը հաղթահարելու և Վանաձորի ավագանիում առնվազն 1 մանդատ ունենալու համար։ Կուսակցության ներկայացուցիչների հաշվարկով՝ իրենց ստացած 1314 ձայներին ընդամենը 10 քվե պակասեց անցնելու համար։
Մինչդեռ Վանաձորի 63 տեղամասերում արձանագրվել էր 12 անճշտություն, որոնք կարող էին ազդեցություն ունեցած լինել ընտրությունների արդյունքների վրա, պնդում էին կուսակցության ներկայացուցիչները։ Որպես պատասխանող հանդես եկող թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը դատական նիստի ժամանակ պնդել է, որ այդ անճշտությունները հավասարապես կարող էին անդրադառնալ ընտրություններին մասնակցած բոլոր 10 քաղաքական ուժերի արդյունքների վրա։
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում 4,03 տոկոս ձայն ստացած «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի մերժումից հետո վաղը թիվ 23 ՏԸՀ-ն ավագանի անցած 33 անդամներին մանդատներ կբաշխի։
Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով` 15 մանդատ կունենա նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը, 9 մանդատ` «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, 5 մանդատ` Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ համայնքապետի նախկին տեղակալ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ և 2-ական մանդատ` «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Մանդատներն ստանալուց հետո ավագանին օրենքի ուժով պետք է գումարի իր առաջին նիստը։
Դեկտեմբերի 16-ից ամենաշատ թվով ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը կալանավորված է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Այսօր նրա փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել` Ասլանյանին կալանավորելու որոշումը բեկանելու պահանջով։ Փաստաբաններն ավելի վաղ պնդել էին, որ իշխանությունները պարտավոր են ապահովել նրա ներկայությունը ավագանու առաջին նիստին, որտեղ համայնքապետ է ընտրվելու։