2.5 տարվա դադարից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ ավիաթռիչքները, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` նախարարը նշել է, որ թռիչքները կիրականացնի Pegasus Airlines-ը, որն այս պահին ավարտին է հասցնում նախապատրաստական աշխատանքները։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր անցած շաբաթ հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի միջեւ թռիչքներ կսկսեն իրականացվել:
«Որոշ ավիաընկերություններ հարցումներ են արել [Թուրքիայի և Հայաստանի միջև] թռիչքներ [կազմակերպելու] հետ կապված, և մենք կբավարարենք դրանցից մի քանիսը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով. – «Հարավային Կովկասի վերաբերյալ բոլոր որոշումները մենք ընդունում ենք եղբայրական Ադրբեջանի հետ միասին»: