20:29
Ադրբեջանցի սահմանախախտներին, որ հայ զինծառայողների կողմից գերեվարվել էին, Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմաններ:
«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց, այսպես ասած, սակարկություններով ենք զբաղված: Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին ու կանոններին», – ասաց նա։
20:15
Ադրբեջանի նախագահի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նույնը, ինչ որ քննարկվել է առանձնազրույցից առաջ և հետո, ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը, մեր օրակարգի հարցերն ենք շարունակել քննարկել», – նշեց նա` անդրադառնալով Բրյուսելում դեկտեմբերի 14-ին պատերազմից հետո առաջին անգամ իր ու Իլհամ Ալիևի կարճատև առանձնազրույցին, որը տեղի էր ունեցել Եվրախորհրդի նախագահի հետ եռակողմ հանդիպման ընթացքում, և որի մասին Շառլ Միշելն էր հայտնել:
«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե բրյուսելյան հանդիպումներից հետո կարո՞ղ է վստահեցնել, որ հայկական կողմը որևէ պարագայում չի համաձայնվի առանց մաքսային ստուգումների և մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, Փաշինյանը դրական պատասխանեց` հիշեցնելով, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ էլ գծանշել էր հայկական կողմի կարմիր գծերը, որ միջանցքային որևէ տրամաբանություն չեն ընդունում:
«Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը: Բրյուսելում ես և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք ահա այսպիսի դիրքորոշումներ, որովհետև հրապարակային հնչող դիրքորոշումներն այսբերգի երևացող կողմն են։ Բայց կան խնդիրներ և պատճառներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Երբ մտանք մանրամասների մեջ, անկեղծ ասած, մանրամասների քննարկման մեջ այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե այս մասով Իլհամ Ալիևի հետ ոչ մի պայմանավորվածություն չունեն։