Հարավային Կորեայի կառավարությունը ներում է շնորհել նախկին նախագահ Պակ Կըն Հյեին, ով կոռուպցիայի մեղադրանքով 2017 թվականին երկարատև ազատազրկման է դատապարտվել:
Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նախկին նախագահի անունը ներառվել է ներում ստացողների հատուկ ցանկում:
«Մենք ներում ենք շնորհում նախկին նախագահ Պակին, քանի որ ցանկանում ենք այդպես անցյալում թողնել այդ ողբերգական պատմությունը, ապահովել ժողովրդի միասնությունը և ընձեռել դեպի ապագա քայլ անելու հնարավորություն»,- ասել է արդարադատության նախարար Պակ Բեմ Կյեն:
69-ամյա Պակ Կըն Հյեն Հարավային Կորեայի հանգուցյալ ավտորիտար նախագահ Պակ Չոն Հյեի դուստրն է: 2012 թվականին նա դարձել է Հարավային Կորեայի առաջին կին նախագահը:
2017-ին նա կաշառք ստանալու և կոռուպցիոն այլ գործարքների համար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, բացի այդ, ևս 2 տարով էլ դատապարտվել է ընտրական մեքենայությունների համար:
Ըստ մեղադրանքնի, Պակ Կըն Հյեն և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր նույնպես ազատազրկվել են, շահավետ պայմանագրեր տրամադրելու դիմաց մեծ գումարներ են ստացել խոշոր ընկերություններից, այդ թվում Samsung Electronics-ից: