Ճապոնիայում վաղվանից սկսելու է կանոնավոր աշխատել աշխարհում առաջին երկակի ռեժիմով ուղևորատար մեքենան: Այն կարող է շահագործվել և՛ որպես գնանցք, քանի որ ունի ռելսերով սլանալու հնարավորություն, և՛ որպես ավտոբուս, քանի որ ունի նաև սովորական անիվներ: Այդ «ավտոբուսագնացքը» փոխադրելու է Տոկուշիմայի շրջանի Կայո ավանի ուղևորներին:
Հասնելով ռելսերի հատվածին, «երկկենցաղ» մեքենան հենվելու է երկաթե անիվների վրա և շարունակելու է երթուղին որպես գնացք, ապա՝ մոտենալով ասֆալտապատ ճանապարհին, երկաթե անիվները մեխանիկորեն փոխելու է ավտոդողերով:
Ծրագիրը 2002 թվականից մշակել է ASA COAST RAILWAY ընկերությունը, որի ղեկավար Շիգեկի Միուրան ասել է, թե Կայո ավանում հաջող շահագործման դեպքում այդօրինակ մեքենաներ կաշխատեն նաև Ճապոնիայի մնացած շրջաններում:
«Ավտոբուսագնացքը» կարող է ուղևորներին հավաքել տարբեր ավաններից և հասնելով կայարան՝ վերածվել գնացքի:
Մեքենան կարող է փոխադրել 21 ուղևոր, ռելսերի վրա արագությունը հասնելու է ժամում 60 կիլոմետրի, ասֆալտի վրա՝ 100-ի: