Մոսկվայի դատարանն այսօր Alphabet’s Google ընկերության նկատմամբ սահմանել է 7 միլիարդ 200 միլիոն ռուբլու տուգանք, ինչը հավասար է մոտ 98 միլիոն ԱՄՆ դոլարի:
Տագանսկի շրջանի թիվ 422 տեղամասի հաշտարար դատավորն այդ պատժիչ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ ընկերությունը հրաժարվել է իր էջերից հեռացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված տեղեկատվությունը:
Դատարանը հայտարարել է, որ Google ընկերությունը վարչական իրավախախտում է կատարել և պետք է տուգանվի:
Այս տարեսկզբից Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը», կազմել է արգելված տեղեկությունները Google-ի կողմից չհեռացնելու հարցով 16 արձանագրություն:
«Ռոսկոմնադզորը» նմանօրինակ որոշում է պատրաստում նաև Facebook ընկերության նկատմամբ:
Ըստ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների, Google-ի ռուսաստանյան ներկայացուցչության ֆինանսական միջոցների տարեկան շրջանառությունը 2020 թվականին գերազանցել է 85 միլիարդ ռուբլին:
Օրենքի համաձայն, դատարանն ինքնուրույն է հաշվարկում տուգանքի չափը, հիմք առնելով ընկերության տարեկան եկամուտը:
Տուգանքը կարող է կազմել խախտում կատարած ընկերության տարեկան եկամուտի մեկ քսաներորդից մինչև մեկ տասներորդը: