Մոսկվայի դատարանը տուգանքի որոշում է կայացրել նաև Facebook-ի նկատմամբ

Մոսկվայի դատարանը Facebook ընկերությանը, որն այժմ կոչվում է Meta Platforms, տուգանել է մոտ 2 միլիարդ ռուբլիով: Այդ գումարը հավասար է մոտ 27 միլիոն 170 հազար դոլարի:

Դատարանը երեկ հայտնել է, թե այդ վճիռն է ընդունել, քանի որ Meta Platforms-ը հրաժարվել է էջերից հեռացնել Ռուսաստանի տարածքում արգելված համարվող տեղեկատվությունը:

Երեկ ավելի վաղ Մոսկվայի դատարանը նույն պատճառաբանությամբ 7 միլիարդ 200 միլիոն ռուբլու (98 միլիոն ԱՄՆ դոլարի) տուգանք է սահմանել Alphabet’s Google ընկերության նկատմամբ:

Մոսկվան սաստկացնում է ճնշումը տեղեկատվական ոլորտում աշխատող միջազգային խոշոր ընկերությունների վրա, այդպես խստացնելով հսկողությունը համացանցի նկատմամբ:

Այդ քաղաքականության քննադատների համոզմամբ, Մոսկվայի որոշումներն ուղղված են քաղաքացիների և կորպորացիաների ազատությունների սահմանափակմանը:

Ռուսաստանը պահանջում է համացանցի էջերից հեռացնել թմրադեղերի օգտագործումը գովազդող, ինքնաշեն զենքեր և պայթուցիկներ ստեղծելու մասին պատմող, ինչպես նաև ծայրահեղական կամ ահաբեկչական խմբավորումների գաղափարախոսությունը տարածող տեղեկատվությունը:

Մինչդեռ, ըստ իրավապաշտպանների, Կրեմլը համացանցը և մասնավորապես և սոցիալական ցանցերը համարում է տեղեկատվության վտանգավոր անկախ աղբյուր և ամեն կերպ փորձում է սահմանափակել դրանց ազդեցությունը:

Մոսկվան նաև պահանջում է, որ 13 խոշոր տեղեկատվական ընկերությունները, որոնց մեծ մասն ամերիկյան են, ինչպես Google-ը և Meta Platforms-ը, մինչև գալիք տարվա հունվարի 1-ը պաշտոնապես ներկայացվեն Ռուսաստանի տարածքում, սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նոր սահմանափակումներ մտցնել և նույնիսկ օրենքից դուրս հայտարարել դրանց գործունեությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button