Գորիի ռազմական հոսպիտալում այսօր կայացել է Վրաստանի երրորդ և չորրորդ նախագահներ Միխեիլ Սաակաշվիլիի և Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը։ Մի քանի ժամ շարունակված հանդիպումից հետո Մարգվելաշվիլին լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել Սաակաշվիլիի հետ իր զրույցի մասին՝ նշելով, որ դրա մի զգալի մասը նվիրված էր տարածաշրջանային վերջին զարգացումներին։
«Մենք քննարկել ենք տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի հանդեպ Ռուսասստանի Դաշնության վարած ագրեսիվ քաղաքականությունը, որն, իր հերթին, ազդում է Վրաստանի վրա»,- նշել է Մարգվելաշվիլին։
Նախկին նախագահը նաև ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի բանտում գտնվելը ձեռնտու է նախևառաջ Ռուսաստանի իշխանություններին։
«Պուտինի շահը այն է, որ Սաակաշվիլին բանտարկված լինի հենց վրացիների ձեռքով և գտնվի ճաղերի ետևում»,-պնդում է Վրաստանի չորրորդ նախագահը։