«Ռուսաստանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները անցած շաբաթավերջին կրակային վարժանքներ են անցկացրել Ուկրաինայի սահմանների մոտ», – հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական աղբյուրները։
Գործակալության փոխանցմամբ, զորավարժությունները ընթացել են Ռոստովի մարզի հարավում գտնվող «Կադամովսկի» զորավարժարանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ հետախուզական ստորաբաժանումների զորավարժությունների ընթացքում հիմնականում հրաձգային զինատեսակներ են կիրառվել։ Զորավարժությունները կազմակերպվել են չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին՝ ուժեղ սառնամանիքին։
«Հետախուզական ստորաբաժանումների մարտական պատրաստության հիմնարար միջոցառումները անց են կացվում ցանկացած եղանակային պայմաններում և ցանկացած տեղանքում», – նշել է զորախաղերին մասակցող ռուսաստանցի սպաներից մեկը։
Ռուսաստանյան հետախուզական ստորաբաժանումների վարժանքները ընթացել են Ուկրաինայի սահմանների երկայնքով զորքերի կուտակմանը զուգահեռ։ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հարավ-արևմտյան շրջաններում շուրջ 122 հազար զինվորական է կենտրոնացած։