«Աշխարհում կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի պատճառով անցած հանգստյան օրերին ավելի քան 2700 կանոնավոր չվերթ է չեղարկվել», – հաղորդում է AP գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այդպես էլ չկայացած թռիչքների զգալի մասը՝ ավելի քան հազարը, բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին։
Բրիտանական The Guardian-ի տեղեկություններով՝ չեղարկված թռիչքների թիվը երկուշաբթի առավոտյան հասել է 4700-ի։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ Jet Blue ավիաընկերությունը չեղարկել է շաբաթ և կիրակի օրերին նախատեսված թռիչքների 11, Delta և United ավիաընկերությունները՝ շուրջ 5 տոկոսը։
Ավիաընկերությունների պատասխանատուների խոսքով՝ չեղարկումների պատճառը «օմիկրոնի» արագ տարածման ֆոնին նկատվող աշխատակիցների պակասն է։ Նրանցից շատերը, ենթարկվելով համաճարակաբանական կանոններին, վարակակիրների հետ շփումից հետո ինքնամեկուսացման մեջ են։