«Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերությունները հասել են դե-յուրե բարձրագույն կետի՝ ռազամավարական հարաբերությունների մակարդակի», – այսօր Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագիրը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներըստորագրել էին այս տարվա հունիսի 15-ին Շուշիում։
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Բայրամովը խոսել է նաև ԵՄ հետ հարաբերությունների մասին։
Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Բաքուն ակնկալում է 2022 թվականին ավարտին հասցնել ԵՄ հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի շուրջ բանակցությունները։
«Այս պահին համաձայնեցված չեն առևտրատնտեսական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, սակայն դրանց թիվը զգալիորեն նվազել է», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները տեղեկացրել էին, որ ԵՄ և Բաքվի միջև պայմանագիրը համաձայնեցված է շուրջ 90 տոկոսով։