Երեկ Վիեննայում Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերսկսվել են անուղղակի բանակցությունները 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ:
Պաշտոնական Թեհրանը շարունակում է պահանջել մեղմացնել պատժամիջոցները:
Բանակցությունների 7-րդ փուլը, որն առաջինն էր Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի համար, ավարտվեց տասն օր առաջ՝ աշխատանքային տեքստում Թեհրանի որոշ նոր պահանջներ ավելացնելուց հետո:
Արևմտյան տերությունները շեշտում են, որ գործընթացը չափազանց դանդաղ է առաջ գնում։
«Եթե առաջիկա օրերին և շաբաթներին քրտնաջան աշխատենք, պետք է դրական արդյունքի հասնենք։ Շատ դժվար կլինի։ Բարդ քաղաքական որոշումներ պետք է կայացվեն ինչպես Թեհրանում, այնպես էլ Վաշինգտոնում», – ասել է Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան գործարքի մնացած մասնակիցների՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և ԵՄ, հանդիպման մեկնարկին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Բոլոր պատվիրակությունները հասկանում են, որ այդ բանակցությունները պետք է ավարտվեն համեմատաբար ողջամիտ ժամկետներում։ Ես չէի ցանկանա որոշակի շրջանակ սահմանել, բայց հաշվարկը գնում է շաբաթների, ոչ թե ամիսների», – ավելացրել է Մորան: