Վիեննայում վերսկսվել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները

Երեկ Վիեննայում Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերսկսվել են անուղղակի բանակցությունները 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ:

Պաշտոնական Թեհրանը շարունակում է պահանջել մեղմացնել պատժամիջոցները:

Բանակցությունների 7-րդ փուլը, որն առաջինն էր Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի համար, ավարտվեց տասն օր առաջ՝ աշխատանքային տեքստում Թեհրանի որոշ նոր պահանջներ ավելացնելուց հետո:

Արևմտյան տերությունները շեշտում են, որ գործընթացը չափազանց դանդաղ է առաջ գնում։

«Եթե առաջիկա օրերին և շաբաթներին քրտնաջան աշխատենք, պետք է դրական արդյունքի հասնենք։ Շատ դժվար կլինի։ Բարդ քաղաքական որոշումներ պետք է կայացվեն ինչպես Թեհրանում, այնպես էլ Վաշինգտոնում», – ասել է Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան գործարքի մնացած մասնակիցների՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և ԵՄ, հանդիպման մեկնարկին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Բոլոր պատվիրակությունները հասկանում են, որ այդ բանակցությունները պետք է ավարտվեն համեմատաբար ողջամիտ ժամկետներում։ Ես չէի ցանկանա որոշակի շրջանակ սահմանել, բայց հաշվարկը գնում է շաբաթների, ոչ թե ամիսների», – ավելացրել է Մորան:

Ըստ 2015 թվականի պայմանագրի, Իրանը պետք է սահմանափակեր միջուկային ակտիվությունը և մասնավորապես դադարեցներ ուրանի հարստացումը, ինչին ի պատասխան գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեին պատժամիջոցները: 2018 թվականին Միացյալ Նահանգները, նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ, դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Իրանն, իր հերթին, վերականգնել է ուրանի հարստացումը: Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենն ասել է, որ անհրաժեշտ է ինչ-որ ձևաչափով վերականգնել 2015 թվականի պայմանագիրը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button