Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության տվյալներով՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանակավորապես կմնա Գորիի զինվորական հոսպիտալում։
«Հասարակության մեծ հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ այս տարվա դեկտեմբերի 27-ին, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի բուժման ավարտից հետո, բժշկական անձնակազմը որոշում է կայացրել Միխեիլ Սաակաշվիլիին դուրս գրել Գորիի զինվորական հոսպիտալից։ Միխեիլ Սաակաշվիլին չի ենթարկվել Հատուկ քրեակատարողական ծառայության օրինական պահանջներին՝ իրեն Ռուսթավիի թիվ 12 մեկուսարան տեղափոխելու վերաբերյալ։ Անհանգստանալու պատճառով նա ճնշման տատանումներ է ունեցել, ինչը հանգեցրել է Հատուկ քրեակատարողական ծառայության որոշմանը` ժամանակավորապես հետաձգելու օրինական տեղափոխումը», – ասված է Քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։
Ինքը Սաակաշվիլին, ըստ փաստաբան Նիկա Գվարամիայի, նախօրեին ասել էր, թե կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը՝ տեղեկանալով, որ պլանավորել են իրեն տեղափոխել Գորիի հիվանդանոցից։
Միխեիլ Սաակաշվիլին Գորի քաղաքի ռազմական հոսպիտալում վերականգնողական բուժում էր ստանում 50-օրյա հացադուլից հետո։ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ նախկին նախագահն անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո կվերադառնա Ռուսթավիի բանտ, որտեղ պահվում էր հոկտեմբերին 1-ին կալանավորվելուց հետո։