Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման էական գործոն է Սյունիքի մարզի հետագա զարգացման համար, այսօր Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում ասել է վարչապետը:
Հայկական կողմը ավելի վաղ հայտարարել է, որ մեկնարկում են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն որոշակի խնդիրներ և վտանգներ, միևնույն ժամանակ շատ մեծ հնարավորություններ է պարունակում:
«Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը», – կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` նշել է վարչապետը:
Նա նաև հայտնել է, որ մարզում լայն թափով իրականացվում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն:
Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացմանը, Նիկոլ Փաշինյանի խոսքով` աշխատում են մասնավորապես, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարության ուղղությամբ: Նա հույս է հայտնել այդ գործընթացն արդեն կմեկնարկի 2022-ին: