Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի բանտ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Կեսգիշերից հետո Գորիի բուժհաստատությունում նկատվել են Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մեքենաներ։ Գիշերվա ժամը 3-ին մոտ դրանք հայտնվել են Ռուսթավիի բանտի տարածքում։
Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի եղել։ Սաակաշվիլիի փաստաբանները չեն ծանուցվել իրենց պաշտպանյալի տեղափոխման մասին։ Նրանք գիշերային իրադարձություններն անվանել են «առևանգում»։
«Գիշերը ճանապարհ են ընկել և հիվանդանոցից մի հիվանդի փախցրել։ Մեր տեղեկատվության աղբյուրը նույնն է, ինչ ձերը՝ տեղի բնակիչները», – «Ֆորմուլա» հեռուստաալիքի եթերում ասել է Սաակաշվիլիի փաստաբան Շոթա Թութբերիձեն։
Ռուսթավիի բանտի մոտ գիշերը հավաքվել են Վրաստանի երրորդ նախագահի կողմնակիցները, երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման առաջնորդները։ Տեղում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա։