Շուրջ 300 բանվորներ, որոնք ներգրավված են Զանգիլանում «խելացի գյուղի» շինարարական աշխատանքներում, դիմել են լրագրողներին աշխատանքային և կենցաղային պայմանների բողոքով՝ երկու ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, նրանց խոստանում են փոխանցել աշխատավարձերը, «սակայն այդ բանվորները նույնիսկ բանկային քարտ չունեն աշխատանքային պայմանագրի բացակայության պատճառով», գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
Լրատվամիջոցի հետ զրույցում բանվորները պատմել են, որ շատերը, չդիմանալով աշխատանքային պայմաններին, լքել են աշխատավայրը, ինչի պատճառով շինարարությունը դոփում է տեղում։
«Մեզ բերել և շպրտել են այստեղ։ Ապրում ենք ցրտի մեջ, առանց տարրական պայմանների։ Այս պետությունը նախագահ ունի, հուսով ենք, որ նա կզբաղվի մեր խնդիրներով»,- բանվորներից մեկի խոսքերն է մեջբերում «Թուրանը»։
Լրատվական գործակալությունը նշում է, որ Զանգիլանում «խելացի գյուղի» շինարարական աշխատանքները մշտապես լուսաբանվում են պետական լրատվամիջոցների կողմից։ Հոկտեմբերի 20-ին պաշտոնական աղբյուրները հայտարարել են, թե այդ աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում։
Ավելի վաղ «Թուրան»-ի հետաքննությունը պարզել էր, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրված նախագծերի մեծ մասի ետևում կանգնած են կառավարության հետ կապ ունեցող խոշոր գործարարներ, այդ թվում` Ալիևի դուստրերին պատկանող Pasha Holding-ը։