Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին երեկ TV 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Նրանց հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ, բայց սպասվում է, որ այն կկայանա հունվարին»,- ասել է նա:
Չավուշօղլուն երկուշաբթի օրը հայտարարել էր, որ առաջին նման հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
Երեկ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կօգնի բարելավել իրավիճակը տարածաշրջանում։ Նա նաև նշել էր, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է միջնորդական ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին։