Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երեկ հեռախոսազրույցում պայմանավորվել են գործընթացը հասցնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների արագ իրականացմանն ու տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման շուրջ։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել որոշումների արագ և լիարժեք իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հայ- ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման մեխանիզմների գործարկման վերաբերյալ», – ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Լավրովը և Բայրամովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև Մոսկվայում տեղի ունեցած «3+3» ձևաչափով հանդիպումը, ադրբեջանցի և հայ հասարակական գործիչների հանդիպումը։