Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում մի քանի անգամ ընդգծել է միջուկային պատերազմ սկսելու անթույլատրելիությունը։ Այս մասին երկու պետությունների ղեկավարների զրույցից հետո լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Շատ կարևոր է, որ նախագահ Բայդենը զրույցի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, որ միջուկային պատերազմ չի կարելի սկսել, ոչ էլ հաղթել։ Ամերիկացիները ելնում են նրանից, որ հասկանում են՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կուտակել են աշխարհում ամենամեծ միջուկային ներուժը», – ասել է Ուշակովը։
Ըստ Կրեմլի պաշտոնյայի՝ Պուտինը մատնանշել է երկու երկրների հարաբերությունների լիակատար խզման հնարավորությունը, եթե ներդրվեն խոստացված «աննախադեպ պատժամիջոցները»։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի օգնականը, Բայդենը զրույցում նշել է, որ «եթե էսկալացիան շարունակվի ուկրաինական սահմանի երկայնքով, ապա արևմտյան երկրները լայնածավալ պատժամիջոցներ կձեռնարկեն», այդ թվում՝ տնտեսական և ռազմական ոլորտներում։
Ուշակովի խոսքով, ԱՄՆ և Ռուսաստանի ղեկավարները խոսել են անվտանգության երաշխիքների մասին, երկկողմ օրակարգի հարցեր չեն շոշափվել։
Ըստ Յուրի Ուշակովի՝ Բայդենը վստահեցրել է Պուտինին, որ Վաշինգտոնը մտադիր չէ հարձակողական հարվածային զինատեսակներ տեղակայել Ուկրաինայում։
«Վլադիմիր Պուտինը նկատեց՝ սա այն առանցքային կետերից մեկն է, որ ներառված է մեր՝ ամերիկացիներին փոխանցած փաստաթղթերում, որոնց շուրջ մենք ցանկանում ենք հետագա առարկայական բանակցություններ վարել», – ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը։