Մեր տպավորությամբ՝ Թուրքիան կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ԱԳՆ խոսնակ

«Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը», – «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:։

Հունանյանը նշել է՝ ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ երկու երկրների միջև սահմանը կբացվի։

«Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի», – ընդգծել է ԱԳՆ խոսնակը։

Նա ասել է, որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի. «Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում»:

Անդրադառնալով հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում, Վահան Հունանյանը նշել է, որ այն տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ և կրելու է ճանաչողական բնույթ։

«Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը», – ասել է ԱԳՆ խոսնակը։

Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Նրանց առաջին հանդիպումը նախատեսված է հունվարի 14-ին Մոսկվայում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button