Վաշինգտոնում պատրաստ են շարունակել երկխոսությունը, եթե Մոսկվան պատրաստ լինի

Loading...

Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ բանակցություններից լուրջ բեկում չէր սպասում, սակայն Վաշինգտոնում, ի տարբերություն Կրեմլի, տեղի ունեցած հանդիպումները չեն համարում «անհաջող» և պատրաստ են շարունակել երկխոսությունը, եթե Մոսկվան պատրաստ լինի: Այդ մասին երեկ ԱՄՆ Ազգային հանրային ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք ռուսներին ներկայացրինք մեր խորը մտահոգությունը այն գործողությունների վերաբերյալ, որ նրանք ձեռնարկում են ոչ միայն Ուկրաինայի հետ կապված, այլև ավելի լայն իմաստով։ Նրանք մեզ ներկայացրին իրենց մտահոգությունները։ Կարծում եմ՝ միմյանց քիչ նյութ չենք տրամադրել մտորումների համար։ Այժմ մենք ծրագրում ենք մանրամասն խորհրդակցել մեր դաշնակիցների և գործընկերների հետ», — նշել է Բլինքենը՝ հավելելով, որ երկխոսության շարունակությունը հնարավոր է միայն Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի դեպքում։

Պետքարտուղարը նշել է, որ երկու կողմերն այժմ պետք է «մարսեն» ստացված տեղեկատվությունը, հավելելով, որ Վաշինգտոնը Մոսկվային առաջարկել է գործողությունների երկու տարբերակ՝ «դիվանագիտության և երկխոսության ճանապարհ», որը Բլինքենն անվանել է «լավագույնը» և «ամենապատասխանատուն» Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման համար, կամ «առճակատման և ագրեսիայի» ճանապարհը, որին Արևմուտքը «լիովին պատրաստված է»։

Պետքարտուղարը հրաժարվել է գնահատել Ուկրաինա ռուսական ներխուժման հավանականությունը՝ ասելով, որ «նախագահ Պուտինը հիանալի տիրապետում է մրցակիցների հետ բանակցություններում վերջնական պատասխան չտալու արվեստին»։

Ուկրաինայի սահմանների մոտ լարվածությունը թուլացնելու, եվրոպական ռազմավարական անվտանգության խնդիրների շուրջ Արևմուտք-Ռուսաստան բանակցությունների երրորդ փուլը երեկ անցկացվեց Վիեննայում՝ ԵԱՀԿ շրջանակում։ Նախորդ հանդիպումները՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունները, այս շաբաթ տեղի էին ունեցել Ժնևում և Բրյուսելում։

Արևմուտքը պնդում է, որ ռուսական կողմը մոտ 100-հազարանոց զորք է կուտակել Ուկրաինայի սահմանի մոտ՝ պատրաստվելով ներխուժել այդ երկիր: Ռուսաստանը, իր հերթին, պահանջում է անվտանգության երաշխիքներ ու մասնավորապես խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները՝ Ուկրաինան և Վրաստանը չեն անդամակցի ՆԱՏՕ-ին: Հյուսիսատլանտյան դաշինքը հակադարձում է, որ Ռուսաստանը չունի ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցում որևէ պահանջ ներկայացնելու իրավունք:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button