Լավրովը և Բլինքենը հեռախոսով քննարկել են անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկները

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսով քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների շուրջ անցած շաբաթ տեղի ունեցած բանակցությունների թեման:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

Նրա փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, հունվարի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին և հունվարի 13-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում կայացած քննարկումներին առնչվող հարցեր:

Պետական քարտուղարն ընդգծել է Ուկրաինայում և այդ երկրի մոտակայքում ռուսական ուժերի հզորացումից բխող և խորը մտահոգության առիթ հանդիսացող լարվածությունը դիվանագիտական եղանակով մեղմելու անհրաժեշտությունը:

«Պետական քարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնն անվերապահորեն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Նա նշել է, որ եվրոպական անվտանգության բոլոր հարցերը պետք է քննարկվեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև եվրոպացի գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի մասնակցությամբ»,- ասել է Փրայսը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button