
Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը, առաջին հերթին իր մանդատի համապատասխան, հաշվի առնելով 2020 թվականից հետո ստեղծված տարածաշրջանային իրողությունները», — ասել է նա, հավաստիացնելով, որ իրենց մոտեցումը կիսում են Մինսկի խմբի գործընկերներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Այսօր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատեց՝ Հայաստանը շարունակում է իր դիրքորոշման շրջանակներում ակնկալել, որ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, և հիմնախնդրի լուծման կարևոր հարթակն այս պահին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսի խումբը», — շեշտեց ԱԽ քարտուղարը՝ շարունակելով․ — «Ակնկալում ենք, որ Մինսկի խմբի տարածաշրջան այցը և հետագա քայլերը հնարավորություն կտան Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ և համապարփակ լուծմանը»։