Սիմոնյանը Փելոսիին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո

Loading...

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ:

Ազգային ժողովի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Քննարկվել են նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետևողական առաջընթացը, Հայաստանի իշխանությունների և խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։ Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարևորագույն հիմնասյուներից է:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին և նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման գործում արժեքավոր ներդրման համար:

Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քևին ՄըքՔարթին, հանրապետականներ Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը և Աննա Էշուն:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button