Անգլիան վերացնում է հակահամաճարակային սահմանափակումների մեծ մասը

Անգլիան վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը։ Հունվարի 27-ից փակ տարածքներում և տրանսպորտային միջոցներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի, որոշ հանրային միջոցառումներ և գիշերային ակումբներ այցելելու համար անհրաժեշտ չի լինի պատվաստման վկայական ներկայացնել, իսկ գործատուները կարող են իրենց աշխատակիցներին վերադարձնել գրասենյակ։

Մնում է միայն հնգօրյա պարտադիր կարանտինը կորոնավիրուսով վարակվելու դեպքում, բայց այս պահանջը ևս, ըստ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի, շուտով կարող է հանվել։

«Այսօրվա վերջին թվերը հստակ ցույց են տալիս, որ Անգլիայում վարակվածության մակարդակը նվազում է: Ու թեև կան որոշ վայրեր, ներառյալ՝ տարրական դպրոցներում, որտեղ դեպքերի թիվը հավանաբար կշարունակի աճել, մեր գիտնականները հավանական են համարում, որ օմիկրոնի ալիքն այժմ հասել է գագաթնակետին ամբողջ երկրում», – ասել է Բրիտանիայի վարչապետը:

Հասարակության մեջ «պառակտումը խորացնելուց» խուսափելու համար Չեխիայի նոր կառավարությունը չեղարկել է այս տարվա մարտից առանցքային ոլորտների աշխատողների և 60-ն անց տարիքի անձանց պարտադիր պատվաստման մասին ավելի վաղ ընդունված որոշումը։ Բացի այդ, բժշկական հաստատությունների և սոցիալական ծառայությունների աշխատակիցները, որոնք վարակված են COVID-19-ով, բայց` անախտանիշ, կարող են աշխատել և չմեկուսանալ։

Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդ՝ ավելի քան 17 հազար նոր դեպք մեկ օրում։ Կատարված գրեթե յուրաքանչյուր երկրորդ թեստը դրական է: Սակայն չնայած դրան՝ իշխանությունները վարակվածների ինքնամեկուսացման ժամկետը կրճատում են մինչև 7 օր։

Իսկ Նիդերլանդներում այժմ կարելի է մազերը կտրել թանգարանում և նույնիսկ համերգասրահում՝ սա մշակութային ոլորտի բողոքի ակցիան է։ Իշխանությունները վերացրել են մի շարք սահմանափակումներ՝ թույլ են տվել աշխատել վարսավիրանոցներին, մարզասրահներին և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներին, բայց ոչ թանգարաններին, թատրոններին, կինոթատրոններին, բարերին և ռեստորաններին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button