Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է, այսօր «Արմենպրեսի» խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:
Վահան Հունանյանն ընդգծել է՝ «կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա:
Ադրբեջանի արտգործնախարարը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ երեկ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար՝ շեշտելով, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։
Հունանյանն այսօր ընգծել է՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը միևնույն ժամանակ շեշտել է, որ պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:
«Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների», – եզրափակել է Հունանյանը: