Իրանի ԱԳՆ․ «Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց»

Loading...

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը շաբաթական ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները «ճիշտ ուղու վրա են և գրանցել են լավ առաջընթաց»:

Նրա փոխանցմամբ, «բանակցող կողմերի միջև առկա տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են»։

«Ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները հետագայում չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից», — ասել է Խահթիբզադեհը:

Իրանը կարևորում է հնարավոր համաձայնության վերաբերյալ հստակ երաշխիքների տրամադրումը:

Խաթիբզադեհը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունել Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ հնարավորինս արագ որոշումներ կայացնել Թեհրանի հետ պահպանվող տարաձայնությունների վերաբերյալ:

Թեհրանը բանակցությունները շարունակելու համար պահանջում է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկում:

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այս փուլում ընթացող քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված:

Վիեննայի բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի ապրիլին: Կողմերը ցանկանում են վերականգնել Իրանի և գերտերությունների 2015 թվականի հուլիսի պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեն պատժամիջոցները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները:

Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է թեկուզ խմբագրված տարբերակով վերականգնել այդ պայմանագիրը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button