Հայաստանն ու Ադրբեջանը ավելին պետք է անեն՝ հաղթահարելու անցյալի և հակամարտության ժառանգությունը. Կլաար

Loading...

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատությանը» տրամադրած գրավոր մեկնաբանությունում դրական է համարում վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանի արտահայտած տեսակետները, մասնավորապես, տարածաշրջանի ապագայի շուրջ նրա տեսլականի, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և հակամարտության մասին։

Հեռանկարային որակելով Հայաստանի վարչապետի դիրքորոշումը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ՝ Կլաարը միևնույն ժամանակ ընդգծում է՝ կողմերը շատ ավելին պետք է անեն՝ հաղթահարելու անցյալի և հակամարտության ժառանգությունը։

«Սա իսկապես երկար, բայց, անշուշտ, վճռորոշ գործընթաց է, որը պետք է ներգրավի երկու կողմերի հասարակություններին: Ինչպես բազմիցս ասվել է, ԵՄ-ն պատրաստակամ է կատարել իր դերը և պատրաստ է մեր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին նպաստել այդ ջանքերին: Մեր աշխատանքի կարևոր ասպեկտներից մեկն է ապահովել դրական միջավայրի ստեղծումը, որը կնպաստի տարբեր բանակցություններում առաջընթացին, այդ թվում՝ կոչ անելով կողմերին մեղմացնել իրենց հռետորաբանությունը», — գրել է եվրոպացի դիվանագետը։

Կլաարը, ով անցած շաբաթ Եվրամիության բարձրաստիճան պատվիրակության հետ այցելել էր նախ Բաքու, ապա Երևան, նաև տեղեկացնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է տարբեր ուղղություններով Եվրամիության հետագա ներգրավվածությանն առնչվող հարցեր. — «Անցյալ շաբաթ մեր քննարկումները դրական էին, և մենք անհամբեր սպասում ենք կողմերի հետ մեր ներգրավվածությունը շարունակելուն՝ օգնելու նրանց կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս»։

Հայկական կողմի հաղորդագրությունների համաձայն, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարի գլխավորած առաքելության հետ հանդիպումներում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկն ու այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button