Դանիան չեղարկեց կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները՝ առաջինը Եվրոպայում

Այսօրվանից Դանիան չեղարկել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները։ Երկրում կվերաբացվեն գիշերային ակումբներն ու ռեստորանները, իսկ դիմակներ պահանջվում են միայն հիվանդանոցներ այցելելիս։

Տեղական իշխանությունները նման որոշում են կայացրել պատվաստումների բարձր մակարդակի պատճառով. դանիացիների ավելի քան 60 տոկոսն արդեն ստացել է պատվաստման երրորդ չափաբաժինը, մինչդեռ ընդհանուր առմամբ Եվրամիությունում խթանիչ պատվաստում են ստացել բնակիչների 45 տոկոսից պակասը, հայտնում է France-Presse-ը։

Դանիայում օրական գրանցվում է COVID-19-ի շուրջ 40-50 հազար նոր դեպք։ Ըստ առողջապահության պաշտոնյաների գնահատման՝ երկրի բնակչության 80 տոկոսը պաշտպանված է կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերից։ Դանիայի առողջապահական վարչությունը խորհուրդ է տալիս չորս օրով ինքնամեկուսացվել միայն նրանց, ովքեր թեստի դրական պատասխան են ստացել։ Բոլոր կոնտակտավոր անձանցից այլևս չի պահանջվում մեկուսացված լինել: Երկրի սահմաններին դեռևս գործում են մի քանի սահմանափակումներ չպատվաստված ճանապարհորդների համար, որոնք ժամանում են ոչ Շենգենյան գոտու երկրներից, հայտնում է France Presse-ը:

Դանիայի կառավարությունը չի նախատեսում վերադառնալ սահմանափակումներին, սակայն «պահպանում է զգուշավոր լավատեսություն»։ «Մենք չենք կարող որևէ երաշխիք տալ, երբ խոսքը վերաբերում է կենսաբանությանը», – անցյալ շաբաթ ասել է վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:

Դանիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որը վերացրեց բոլոր սահմանափակումները։ Տարեսկզբից մի քանի այլ երկրներ սկսել են թուլացնել կարանտինային միջոցառումները։ Մասնավորապես՝ Ավստրիայում փետրվարից կդադարի գործել չպատվաստվածների արգելափակումը, իսկ Ֆրանսիայում չեղարկվում են փողոցներում դիմակների պարտադիր կրումը և աշխատողներին հեռահար աշխատանքի տեղափոխելու հանձնարարականը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button