Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրել է համապատասխան արձանագրությունը։
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», – ասված է ԱԺ լրատվականի այսօր հրապարակած արձանագրությունում։
Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալու որոշման մասին հայտարարեց հունվարի 30-ին, հաջորդ օրն Ազգային ժողովն արդեն ստացել էր նրա հրաժարականը։
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի ընտրած կամ նշանակած պաշտոնատար անձինք՝ վարչապետից ու Վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են խորհրդարանի նախագահին, որն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, այդ պաշտոնյան գրավոր դիմումով հետ է վերցնում իր առաջին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է խորհրդարանի խոսնակը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում՝ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:
Ամենայն հավանականությամբ, նոր նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։