Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ այցելել են Ուկրաինայի արևելք՝ արտահայտելով իրենց համերաշխությունը Ուկրաինային՝ ընդդեմ ռուսական սպառնալիքների։
Տարբեր կուսակցություններ ներկայացնող ինը պատգամավորներից կազմված խումբը գլխավորել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլլիսթերը։
«Մենք այստեղ ենք ցուցադրելու մեր աջակցությունը Ուկրաինային և Ուկրաինայի քաղաքացիներին անորոշության այս ժամին: Եվրոպական խորհրդարանը ամբողջովին և միանշանակ պաշտպանում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – ասել է ՄըքԱլլիսթերը հունվարի 31-ին Մարիոպոլում կազմակերպված բացօթյա մամուլի ասուլիսում։
Եվրախորհրդարանի պատգամավորները Ուկրաինայի արևելքում երեք օր փաստահավաք առաքելություն են իրականացրել, հանդիպումներ ունենալով նաև գործարարների ու քաղաքական գործիչների հետ։