Ադրբեջանի իշխանությունները մտադիր են այս տարի Զանգելանում նոր օդանավակայան բացել: Դրա կառուցումը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին:
Այդ մասին նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է Բաքվում գումարված Երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ զրույցում:
«Այս տարի կբացվի Զանգելանի օդանավակայանն, իսկ 2023 թվականին մենք երկաթգիծը կհասցնենք Հայաստանի հետ սահմանին, շարունակվում է նաև ավտոճանապարհի շինարարությունը»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով, «ազատագրված տարածքներում շահագործման կհանձնենք ենթակառուցվածքային նշանակության մի շարք հիմնարկներ, այդ թվում՝ հինգ էլեկտրակայան»:
Անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆիզուլիի նոր օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացի այդ, Ադրբեջանը մտադիր է ևս մեկ նոր օդանավակայան կառուցել Լաչինի շրջանում: