Մայք Փենս. «Թրամփը սխալվում է, ես չունեի ընտրությունների արդյունքը փոխելու իրավունք»

Արձագանքելով նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի այն մեկնաբանությանը, թե «Փենսը կարող էր տապալել Բայդենի ընտրությունը», նախկին փոխնախագահ Մայք Փենսը երեկ խստորեն քննադատել է իր երբեմնի վերադասին և ասել, թե Թրամփը սխալվում է, եթե մտածում է, որ փոխնախագահը կարող էր ընդունել ընտրությունները գողանալու մասին նրա կեղծ պնդումները և փորձեր դիմել ընտրությունների արդյունքը վերանայելու գործողության:

«Նախագահ Թրամփը սխալվում է, ես չունեի ընտրությունների արդյունքը փոխելու իրավունք»,- ասել է Փենսը:

Այդ հայտարարությամբ նախկին հանրապետական փոխնախագահը հանդես է եկել «Ֆեդերալիստների ընկերություն» պահպանողական կազմակերպության հավաքի ընթացքում:

«Նախագահությունը պատկանում է Ամերիկայի ժողովրդին և միայն Ամերիկայի ժողովրդին, և՝ անկեղծ ասած, չկա էությամբ առավել հակաամերիկյան բան, քան ենթադրել, թե մի անձ կարող է ընտրել Ամերիկայի նախագահին»,- ասել է Փենսը:

2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի աջակիցների ամբոխը հարձակվել է Կապիտոլիումի վրա, փորձելով խափանել Կոնգրեսի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական վավերացումը:

Փենսը նախագահել է այդ նիստը և մնացած օրենսդիրների հետ միասին անվտանգության ուժերի ուղեկցությամբ լքել է շենքը:

Թրամփը հարձակումից րոպեներ առաջ հորդորել է Փենսին արգելափակել ընտրությունների արդյունքների վավերացումը:

Հարձակման ընթացքում տեղի են ունեցել բախումներ գրոհայինների և իրավապահների միջև, մի քանի մարդ, այդ թվում մեկ ոստիկան, զոհվել են, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, ավերվել է Կոնգրեսի երկու պալատների գույքը: Մի խումբ ջարդարարներ վանկարկել են «Կախե՛լ Փենսին» կարգախոսը:

Գրոհի կազմակերպիչներից և մասնակիցներից շատերը հետագայում կալանավորվել և ազատազրկվել են, դատական գործերի քննությունը շարունակվում է:

Թրամփն իր վերջին ելույթներից մեկում ասել է, որ եթե մասնակցի 2024-ի նախագահական ընտրություններին և հաղթի, ապա ներում կշնորհի հունվարյան գործերով ազատազրկվածներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button