Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Պեկինում հանդիպումներ է անցկացրել Ձմեռային օլիմպիադայի բացմանը մասնակցելու համար ժամանած օտարերկրացի մի շարք պետական գործիչների հետ:
Ուրբաթ օրը նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չինաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները մի շարք պայմանագրեր են կնքել:
Այսօր Պեկինում՝ Ժողովրդական հավաքների մեծ սրահում, որտեղ աշխատում է Չինաստանի խորհրդարանը, տեղի է ունեցել Չինական ամանորին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են արտասահմանյան պատվիրակությունները:
Սի Ծինպինը հավաքի ընթացքում հանդիպել է Սերբիայի, Եգիպտոսի, Ղազախստանի, Թուրքմենստանի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ:
Այս բանկետն առաջին հանրային մեծ միջոցառումն է, որին Չինաստանի ղեկավարը մասնակցել է 2019 թվականին կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր:
Սի Ծինպինն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել «այն բոլոր կառավարություններին, ժողովուրդներին և կազմակերպություններին, որոնք սատարել են Պեկինի Ձմեռային օլիմպիադային»:
Ավելի քան 30 երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ են մեկնել Պեկին: Միացյալ Նահանգները և մի շարք արևմտյան երկրներ պատվիրակություններ չեն գործուղել՝ այդպես բողոք հայտնելով Պեկինի գործողություններով աշխարհքաղաքական ընդհանուր լարվածությունը սրելու, ինչպես նաև Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ: