Թաթոյանը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ

Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի, երեկ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի դեսպան Ջոն Գալագերի հետ հանդիպման ժամանակ։

Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։

Շեշտելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով՝ մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ:

Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ:

Ջոն Գալագերը հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն է հայտնել: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված հարցեր Թաթոյանը երեկ քննարկել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս ամիս։ Նրան կփոխարինի արդարադատության նախկին փոխնախարար 40-ամյա Քրիստինե Գրիգորյանը, ում Ազգային ժողովը հունվարի վերջին փակ-գաղտնի քվեարկությամբ, 68 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց օմբուդսմեն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button