Կիևում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնական, Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին։ Ոստիկանությունը պարզում է հարձակման հանգամանքները։
Ուկրաինայի իրավապահ մարմինների հաղորդագրությունների համաձայն՝ փետրվարի 7-ին Կիևում չորս անհայտ անձինք ծեծի են ենթարկել գլխավոր դատախազի օգնականին և փախուստի դիմել։ Զուրաբ Ադեիշվիլին հոսպիտալացվել է։
49-ամյա Ադեիշվիլին համարվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր թիմակիցներից մեկը։ Երրորդ նախագահի պաշտոնաթողությունից հետո Ադեիշվիլիին մեղադրանք է առաջադրվել վրացական բանտերում խոշտանգումներ կազմակերպելու համար։ Ներկայում նա բնակվում է Ուկրաինայում, որտեղ շարունակում է բարձր պաշտոններ զբաղեցնել։ Պաշտոնական Կիևը մերժել է Ադեիշվիլիին արտահանձնելու Թբիլիսիի պահանջը։