Հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Ադրբեջանի հաշտության հայտարարություններին․ ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ՝ հայտարարում է պաշտոնական Երևանը՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար, շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ ընդգծելով՝ սա ևս մեկ անգամ վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում:

«Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ», – ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Երևանը պնդում է՝ հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար:

Բաքուն հայտարարել է, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել:

Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր․ – «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։

Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button