Բեռնատարների վարորդները՝ այսպես կոչված «Ազատության շարասյան» անդամները, մասամբ արգելափակել են Կանադա-ԱՄՆ սահմանի ամենամեծ անցակետը։ Ցուցարարներն իշխանություններից պահանջում են վերացնել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումները։
Կանադացի օրենսդիրները չափազանց անհանգստացած են՝ ցույցերը սպառնում են թարմ սննդի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների ժամանակին մատակարարմանը:
Ակցիան սկսվել է հունվարի 29-ին, երբ Կանադա-ԱՄՆ սահմանը հատող վարորդներից պահանջվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ցուցարարները կոչ են արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հրաժարական ներկայացնել, թեև սանիտարական սահմանափակումների մեծ մասը նախաձեռնել են տարածաշրջանային իշխանությունները։
«Կանադացիներն իրավունք ունեն բողոքելու և չհամաձայնելու կառավարության որոշումներին: Բայց նրանք իրավունք չունեն արգելափակելու մեր տնտեսությունը և համաքաղաքացիների կյանքը: Դա պետք է դադարեցվի», – գրել է Թրյուդոն:
Նմանատիպ բողոքի ակցիաներ տեղի են ունենում ոչ միայն Կանադայում։ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնում բեռնատարների և այլ ավտոմեքենաների վարորդները, մոտոցիկլիստները փակել են ազգային խորհրդարան տանող փողոցները։ Ցուցարարներն իրենց շարժումն անվանել են «Ավտոշարասյուն-2022»։ Նրանք դեմ են երկրում գործող Covid-ի սահմանափակումներին և մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչների պարտադիր պատվաստմանը։