Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը։
ԱԱԾ-ն մանրամասնում է՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:
Լրտեսական գործունեություն իրականացրած անձինք, ինչպես Ծառայությունն է նշում, սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ, ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ:
Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ Հայաստանի քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:
«Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ», – ասված է հաղորդագրությունում:
Ցանցում ներգրավված Հայաստանի քաղաքացիների ինքնությունները բացահայտվել են, պարզվել նրանց կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին փոխանցված ռազմական և այլ բնույթի տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը, խափանել թշնամական գործունեություն իրականացնելու համար նոր տեղեկությունների հետագա փոխանցումը, հայտնում է ԱԱԾ-ն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: