Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ստորագրված հրամանագրով պաշտոնանկ է արել Պետական նավթային ընկերության` SOCAR- ի երկարամյա ղեկավար Ռովնագ Աբդուլաևին։
Ծնունդով նախիջևանցի, 57-ամյա Աբդուլաևը SOCAR ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից ի վեր։ Այսուհետ Աբդուլաևը պաշտոնավարելու է որպես էկոնոմիայի փոխնախարար։
Իլհամ Ալիևի մեկ այլ հրամանագրով SOCAR ընկերության առաջին փոխնախագահ և նախագահի պաշտոնակատար է նշանակվել 40-ամյա Ռովշան Նաջաֆը։ Մինչ Պետական նավթային ընկերություն տեղափոխվելը Նաջաֆը զբաղեցնում էր Ադրբեջանի էկոնոմիկայի առաջին փոխնախարարի պաշտոնը։
SOCAR-ն Ադրբեջանի խոշորագույն պետական ընկերությունն է։ Դրան են պատկանում Շահ-Դենիզ հանքավայրի բաժնետոմսերի՝ 10, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի` 25 տոկոսը։ Ընկերությունը լայնածավալ ներդրումներ է արել նաև հարևան պետություններում։ Միայն Վրաստանում SOCAR-ին են պատկանում տասնյակ բենզալցակայաններից կազմված ցանցը և Կուլեվիի նավթային տերմինալը։
Ընկերությունը մեծ ներդրումներ է իրականացրել նաև Թուրքիայում. 2007-ին SOCAR-ը 1,6 միլիարդ դոլարով ձեռք էր բերել թուրքական Petkim քիմիական կոնցերնի բաժնետոմսների վերահսկիչ փաթեթը։ 2018-ին ընկերությունն ավարտին էր հասցրել Իզմիրի մերձակայքում գտնվող նավթավերամշակման STAR գործարանի շինարարությունը։ Դրա վրա, ըստ ադրբեջանական աղբյուրների, SOCAR ընկերությունը ծախսել էր շուրջ 3,6 միլիոն դոլար։