«Ուկրաինայի մոտ Ռուսաստանի կուտակած ուժերը թույլ են տալիս հարձակում սկսել»
Եվրոպայում ռազմական լուրջ առճակատումը կանխելու դիվանագիտական գործընթացը շարունակվում է:
Կիև և Մոսկվա են մեկնում եվրոպական առաջատար երկրների լիդերները: Փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այցելել է Մոսկվա, որտեղ ավելի քան 5 ժամ բանակցել է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, ապա հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, մեկնել է Կիև և ռուս-ուկրաինական գերլարված խնդիրը քննարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը France Inter ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում խոսել է Մակրոնի այցերի մասին:
«Իրավիճակն Ուկրաինայի շուրջ իսկապես շատ լուրջ է: Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կուտակած ուժերը թույլ են տալիս հարձակում սկսել, և դա իրականություն է»,- ասել է Լը Դրիանը, բայց և միաժամանակ նշել, որ իր տրամադրության տակ եղած տեղեկությունների համաձայն, Մոսկվայում Ուկրաինայի վրա հարձակվելու որոշում դեռ ընդունված չէ:
Ֆրանսիայի արտգործնախարարի փոխանցմամբ, ռուսներն Ուկրաինայի սահմաններին են մոտեցրել շուրջ 125 հազարի հասնող զորախումբ:
«Արդյո՞ք Մոսկվան ռազմական նախապատրաստումը չի դադարեցրել»: Լը Դրիանը միանշանակ բացասական պատասխան է տվել France Inter-ի այդ հարցին:
«Բացարձակ ո՛չ»,- ասել է նախարարն, ավելացնելով, որ հենց այսօր Բելառուսում մեկնարկում են ռուս-բելառուսական լայնածավալ զորախաղեր: Բացի այդ, ռուսներն այսօրվանից նաև Սև ծովում են զորավարժություններ անցկացնում:
«Հիմա այդ բոլոր թեմաները բանակցությունների սեղանին են»
Լը Դրիանի խոսքով, եթե ռուսները ցանկանում են ապացուցել, որ ագրեսիվ մտադրություններ չունեն, ապա պարտավոր են դուրս բերել զորամիավորումները Բելառուսից:
Փարիզում դրական են գնահատում Մակրոնի ուղևորությունը Մոսկվա և Կիև: «Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը {Մոսկվայում} տեղի ունեցավ: Այդ երկարատև բանակցություններն անկեղծ էին և հաստատակամ: Քնարկումները լիդերներին ընձեռեցին երկխոսություն նախաձեռնելու և հիմնական հարցերի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորություն: Հիմա այդ բոլոր թեմաները բանակցությունների սեղանին են»,- ասել է Լը Դրիանը:
«Ոչ ոք մեզ չի ստիպում ուրանալ մեր երազանքը»
Կիևում էլ են գովեստով խոսում Մակրոնի այցի մասին և ընդգծում են, որ ֆրանսիական կողմը չի փորձել ուկրաինացիներին համոզել, թե հարկ է հրաժարվել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերից:
«Ուկրաինայի Եվրատլանտյան ձգտումները մերժելու խնդիր չի արծարծվել: Ոչ ոք մեզ չի ստիպում ուրանալ մեր երազանքը»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
Նրա խոսքով, պետք չէ կենտրոնանանք «առաջիկա օրերի կրիտիկական նշանակության» մասին նախագահ Մակրոնի հայտարարության վրա: Մակրոնը կարող է իր պատկերացումներն ունենալ, կոնկրետ ժամկետների վրա շատ սևեռվել չարժե:
«Ժամանակին ասում էին, թե պատերազմը դեկտեմբերի վերջին կլինի, հետո խոսում էին հունվարի կեսի, հունվարի վերջի, ապա փետրվարի սկզբի մասին: Փառք Աստծո, մենք տակավին դիվանագիտական փուլում ենք: Նախագահներ Զելենսկու և Մակրոնի բանակցությունները շատ կոնկրետ էին, բայց մեր ձգտումներից հրաժարվելու առաջարկ մեզ չի արվել»,- ասել է Կուլեբան:
Մակրոնը և Պուտինն առաջիկա օրերին նորից կզրուցեն
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ առաջիկայում Պուտինը և Մակրոնը կարող են հեռախոսով վերստին քննարկել Ուկրաինայի հարցը, քանի որ պայմանավորվել են այս բանակցային փուլերից հետո ևս մեկ անգամ զրուցել, սակայն հստակ ժամկետ դեռ չկա:
«Հիմա դիվանագիտական շփումների շատ դինամիկ շրջան է, չի բացառվում, որ նրանց զրույցը տեղի ունենա մինչև շաբաթավերջ, հանգստյան օրերին կամ հաջորդ շաբաթասկզբին»,- ասել է Կրեմլի խոսնակը:
«ՆԱՏՕ-ն պետք է գործի վճռական և միասնաբար»
Մինչդեռ, ՆԱՏՕ-ն շարունակում է հզորացնել արևելյան թևը: Միացյալ Նահանգների զինծառայողների նոր խմբեր են ժամանում Լեհաստան:
ՆԱՏՕ-ի լիդերների փոխանցմամբ, Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ակնհայտ ագրեսիվ կեցվածքի պայմաններում Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է գործի վճռական և միասնաբար:
Դրա անհրաժեշտությունն են ընդգծում հատկապես Լեսհատանն ու Բալթյան երկրները, որոնք ռուսների անմիջական հարևաններն են և առնվազն տեսականորեն կարող են լայնածավալ առճակատման դեպքում թիրախավորվել Կրեմլի կողմից:
Կիևը երկխոսության չի գնա Դոնեցկի և Լուգանսկի «հանրապետությունների» հետ
Մակրոնի կիևյան այցի նպատակներից մեկը Մինսկյան համաձայնությունների իրագործումն է: Մոսկվան պնդում է, թե Կիևը հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները: Կիևն էլ նույն մեղադրանքը Մոսկվային է ներկայացնում և ընդգծում, որ այդ հարցում ռուսների ճնշումներին չի ենթարկվի:
«Մենք Մինսկի համաձայնությունները ռուսների նախապայմաններով իրագործելու մտադրություն չունենք, բայց դա չի նշանակում, թե մենք ընդհանրապես հրաժարվում ենք այդ համաձայնագրերից: Պարզապես մենք չենք կատարելու դրանց ռուսական մեկնաբանության տարբերակը, որը ենթադրում է մեր և այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ուղիղ երկխոսություն, ինչի վրա Մոսկվան է պնդում: Դա չի լինի, դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան: