ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել «Ուկրաինայի սահմանների ռուսաստանյան աճող ռազմական ներուժը»։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Բայդենը ռուսաստանցի պաշտոնակցին նախազգուշացրել է Ուկրաինա «ներխուժումը շարունակելը» կհանգեցնի Ռուսաստանի դիրքերի թուլացման, համատարած մարդկային տառապանքների։ ԱՄՆ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայդենը «հստակ հասկացրել է Պուտինին», որ թեև Վաշինգտոնը պատրաստ է դիվանագիտությամբ զբաղվել լիարժեք համաձայնեցնելով դաշնակիցների և գործընկերի հետ, «հավասարապես պատրաստ է նաև ցանկացած սցենարի»։
Ռուս -ամերիկյան բանակցությունները տեղի են ունենում Ուկրաինայի շուրջ աննախադեպ ռազմական լարվածության ֆոնն։ ԱՄՆ-ի, ինչպես նաև տասնյակ այլ երկրների կառավարությունները երեկվանից խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը և խուսափել դեպի այդ երկիր ճամփորդություններից։
Վաշինգտոնը զգուշացրել է, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է հարձակվել։ Ռուսաստանը ավելի քան 100 հազար զինվորական և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին։ Մոսկվան կտրականապես հերքում է Ուկրաինայի հարձակման մասին պնդումները հայտարարելով, որ իրավունք ունի սեփական զորքը տեղակայել Ռուսաստանի ցանկացած վայրում: