ԱՄՆ դեսպանությունը կողմերին քաջալերում է հնարավորինս շուտ համանախագահներին ընդունել տարածաշրջանում

Միացյալ Նահանգները կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Բաքուն կշարունակի խափանել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման ուղղությամբ։ Ինչպես նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ՝ մենք կողմերին քաջալերում ենք հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել համանախագահներին՝ թույլ տալով, որ նրանք անձամբ տեղում գնահատեն իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցեն հրատապ հումանիտար խնդիրների լուծման հարցում և համաձայնություն ձեռք բերեն հետագա ներգրավվածության օրակարգի վերաբերյալ»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան գրավոր պատասխանում։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հնարավորություն տեսնում է, թե` ոչ, դեսպանատունն ուղիղ պատասխան չի տվել:

Ալիևը իր հայտարարությամբ նույնիսկ հեգնել էր Մինսկի խմբին՝ ասելով, թե տեղյակ չէ, թե նրանք ինչով են զբաղվում:

Հայաստանը կոչ էր արել ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը քանիցս հայտարարել էր, թե հակամարտությունն այլևս լուծվել է՝ վերջին պատերազմով, և հիմա ժամանակն է՝ առաջ նայել։

Միջնորդական խմբի երեք գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, մինչդեռ, պարբերաբար հայտարարում են, որ մի շարք խնդիրներ դեռևս լուծված չեն, և անհրաժեշտ է շարունակել բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button