Վլադիմիր Պուտին՝ «ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք դառնում է անսահման և շատ վտանգավոր»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել անվտանգության երաշխիքների հարցով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դիրքորոշումներին արձագանքելու հարցը:

«Մենք պայմանավորվել ենք, որ այսօր արտաքին գործերի նախարարությունը կներկայացնի իր դատողությունները մեր հայտնած մտահոգությունների հարցով Վաշինգթոնից և Բրյուսելից ստացված պատասխանների վերաբերյալ: Մեր համոզմամբ, ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք՝ այս անգամ էլ նախկին խորհրդային երկրների, այդ թվում Ուկրաինայի հաշվին, դառնում է անսահման և չափազանց վտանգավոր»,- ասել է Պուտինը:

Նախագահի խոսքով, ինքը ցանկանում է տեղեկություններ ստանալ այն վերլուծությունների մասին, որոնք արտաքին գործերի նախարարությունը համատեղ կատարել է մյուս գերատեսչությունների հետ:

Արտգործնախարարն ասել է, որ կան արևմտյան կողմի հետ համաձայնության հասնելու հնարավորություններ:

Լավրովի խոսքով, Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից հարցերի մեծ մասի վերաբերյալ ստացել է բացասական պատասխաններ, սակայն վերջին հանդիպումները և օտարերկրացի լիդերների հետ Պուտինի զրույցները վկայում են, որ «համաձայնության հասնելու ոչ բոլոր միջոցներն են սպառվել»:

Պուտինը վերջին ժամանակաշրջանում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի և Հունգարիայի վարչապետի հետ, հեռախոսով զրուցել է Միացյալ Նահանգների նախագահի և Բրիտանիայի վարչապետի հետ, վաղն էլ Մոսկվա է ժամանելու Գերմանիայի կանցլերը:

Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջել է անվտանգության երաշխիքների հարցով իրավական ուժ ունեցող հավաստիացումներ և, մասնավորապես, հստակ խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, մասնավորապես, Վրաստանը և Ուկրաինան, երբեք չեն միանա Հյուսիսատլանտյան դաշինքին:

Արևմուտքը մերժել է պահանջների մեծ մասը, ՆԱՏՕ-ի խնդրով էլ ընդգծել է, որ ցանկացած պետություն ունի այս կամ այն դաշինքին միանալու իրավունք: Միաժամանակ ՆԱՏՕ-ն նշել է, որ այս պահին Վրաստանի կամ Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button