Կարասին. «ՀԱՊԿ երկրների ղեկավարները պետք է առանց խորհրդարանների որոշեն խաղաղապահ գործողությունների հարցը»

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ասել է, որ ահնրաժեշտ է հաշվի առնել այսօրվա իրողությունները և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ընձեռել խաղաղապահ առաքելություններում ստորաբաժանումների մասնակցության հարցն առանց խորհրդարանների վճռելու հնարավորություն:

Նրա համոզմամբ, դա ժամանակի պահանջն է, և դրա անհրաժեշտությունն ի հայտ է եկել հատկապես Ղազախստանում տարեսկզբին սկսված ծանր ճգնաժամի օրերին:

«Պետք է օրենսդրական ձևակերպմամբ տվյալ երկրի բարձրագույն ղեկավարությանը, գերագույն գլխավոր հրամանատարին տալ խաղաղապահ ուժերն օգտագործելու իրավունք՝ առանց խնդրի քննարկմանը խորհրդարանական հանձնաժողովներում կամ լիագումար նիստում, դա է ժամանակի պահանջը, որովհետև իրավիճակը կարող է ամենատարբեր ուղիներով զարգանալ»,- ասել է Կարասինը:

Այդ մասին նախկին արտգործնախարարն այսօր խոսել է Մոսկվայում՝ Դաշնային խորհրդի կազմակերպած միջազգային համագործակցության և գլոբալ մարտահրավերների ու սպառնալիքների թեմայով խորհրդաժողովում:

Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրների խորհրդարանների միջազգային հարցերով հանձնաժողովների ղեկավարների վերջերս տեղի ունեցած հավաքում հստակ նշվել է, որ հարկ է պետության ղեկավարին տալ խաղաղապահների հարցով որոշում ընդունելու իրավունք:

«Պետք է խուսափել այնպիսի վիճակներից, որոնք եղան ՀԱՊԿ երկու երկրներում՝ Հայաստանում և Ղրղըզստանումն, որտեղ խորհրդարանները ստիպված երկու անգամ են հավաքվել, քանի որ առաջին նիստում հարցը չի լուծվել, ինչն այն ժամանակ ըմբռնումով է ընդունվել»,- ասել է Կարասինը:

Նրա փոխանցմամբ, հիմա անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ և լուծել հարցը, որ հետագայում նմանօրինակ վիճակներ չկրկնվեն:

Ավելի վաղ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ ՀԱՊԿ երկրների խորհրդարանների գլխադասային հանձնաժողովները քննարկել են «մարտահրավերներին արագ արձագանքելու համար ազգային օրենսդրությունները լրամշակելու հնարավորությունը»:

Կալաշնիկովի խոսքով, «Ռուսաստանում ՀԱՊԿ մասին վավերացված օրենքը բավական է որոշում ընդունելու համար, և խորհրդարանի հավանությունը չի պահանջվում, մինչդեռ, Ղրղըզստանում և Տաջիկստանում այլ օրենսդրական պահանջներ են, և դա երբեմն խոչընդոտում է օպերատիվ որոշման ընդունումը»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button