Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
«Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ», – ասված է ԱԳՆ խոսնակի տարածած հաղորդագրությունում:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Ուկրաինա, իսկ այդ երկրում արդեն գտնվողներին կոչ են անում անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը: Որոշ ավիաընկերություններ ռազմական գործողությունների մտավախությամբ դադարեցրել են թռիչքները Ուկրաինայի օդային տարածքով: Մինչդեռ Մոսկվան շարունակում է պնդել, թե պատերազմ սկսելու մտադրություն չունի: