Կապանի Կարմրաքար բնակավայրի կիսաքանդ ակումբի տարածքում՝ այրված վիճակում հայտնաբերվել են փետրվարի 14-ից որպես անհայտ կորած ամուսինների դիերը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ կոմիտեի, դիակների շրջակայքում հայտնաբերվել է նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:
Ամուսինների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ, քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունն էլ այսօր հաղորդեց, որ ամուսիններ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանների՝ փետրվարի 11-ից անհետ կորելու մասին ահազանգը ստացել են փետրվարի 14-ին, իսկ մեկ օր անց, երեկոյան, Կապանի քրեական հետախույզները Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքարի» մշակույթի չգործող շենքում հայտնաբերել են «ամուսինների ինքնահրկիզված դիակները»: